ՊԱՐՏԱՏՈՄՍԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆ

2023-07-06

Պարտատոմսի անվանական արժեքը այն գումարն է, որը պարտատոմսը թողարկողը դրա դիմաց ստանում է որպես պարտք և որը նա լրացուցիչ տոկոսների հետ միասին պարտավորվում է վճարել պարտատոմսի սեփականատիրոջը` պարտատոմսը մարելու պահին։Այլ կերպ ասած անվանական արժեք (Face value)-պարտատոմսի վրա նշված արժեքն է,որը թողարկողը պետք է ժամկետի ավարտին վճարել։

Օրինակ․՝

Եթե դուք ունեք 5 հատ 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմս, ապա այդ պարտատոմսի ժամկետի ավարտին կազմակերպությունը ձեզ կվերադարձնի 50.000 դրամ գումարած այն տոկոսային եկամուտը, որը սահմանված է յուրաքանչյուր պարտատոմսի համար։

Պարտատոմսի դիմաց վճարվող տոկոսները միշտ հաշվարկվում են անվանական արժեքից, ընդ որում, ի տարբերություն ավանդի, այս դեպքում ստացված տոկոսային եկամտից եկամտային հարկ չի գանձվում, եթե դուք գնել եք պետական պարտատոմս։ 

Օրինակ․՝

Եթե 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի անվանական տոկոսադրույքը տարեկան 12% է, ամեն տարի դրա դիմաց կվճարվի 1200 դրամ տոկոս` անկախ նրանից, թե շուկայում ինչ գնով է գնվում կամ վաճառվում այդ պարտատոմսը։


Երբ դուք պարտատոմսը գնում կամ վաճառում եք շուկայում, գնման/վաճառքի գինը կարող է տարբեր լինել պարտատոմսի անվանական արժեքից` կախված նրանից, թե տվյալ պարտատոմսը շուկայում ինչ առաջարկ կամ պահանջարկ ունի։ Այսպես, 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի շուկայական գինը կարող է լինել 9.000 դրամ. սա նշանակում է, որ շուկայի մասնակիցները պատրաստ են գնել այդ պարտատոմսն ավելի էժան, քան դրա «հայտարարված» արժեքն է, այսինքն` նրանք ցանկանում են այդ պարտատոմսի դիմաց ստանալ ավելի շատ եկամուտ, քան տարեկան 1200 դրամ տոկոսավճարները։ Ինչու ավելի շատ, քանի որ պարտատոմսի մարման պահին իրենք ստանալու են 10000 դրամ անվանական արժեքը և 1200 դրամ տոկոսային եկամուտը, չնայած որ վճարել էին 9000 դրամ։

Նույն կերպ ավելի «լավ» պարտատոմսը կարող է վաճառվել անվանական արժեքից բարձր գնով. սա նշանակում է, որ այդ պարտատոմսն այնքան «լավն է» (հուսալի է, ապահով է, կամ անվանական տոկոսադրույքը բարձր է), որ գնորդները պատրաստ են դրա դիմաց ստանալ ավելի քիչ եկամուտ, քան դրա անվանական տոկոսադրույքն է։

Շուկայական արժեք (Market Value)-այն գինն է, որով պարտատոմսերը վաճառվում են երկրորդային շուկայում։

Շուկայական գինը որոշվում է ֆինանսական շուկայում տիրող իրավիճակով։

  • Գնման պահին որքան մոտ է պարտատոմսի մարման ժամկետը, այնքան բարձր է շուկայական գինը։
  • Որքան բարձր է պարտատոմսի դիմաց տոկոսավճարը, այնքան բարձր է շուկայական գինը

Արժեկտրոնի տոկոսադրույք (Coupon rate)- տոկոս սահմանված անվանական արժեքի նկատմամբ։

Արժեկտրոնի ամսաթիվ (Coupon date)-տոկոսավճարների ստացման ամսաթիվ

Մարման ամսաթիվ (Maturity date)- պարտատոմսի ժամկետի ավարտի ամսաթիվ

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ