ԻՆՉՈՒ ԽՆԱՅԵԼ
Կյանքի տարբեր պահերին մենք մեր առջև դնում ենք ապագայի հետ կապված, երբեմն երկարաժամկետ նպատակներ:
Ապագայի ծրագրերն իրագործելու համար ընթացիկ եկամուտը, օրինակ` աշխատավարձը, կարող է չբավարարել։ Հենց այդ նպատակով անհրաժեշտ է խնայողություն անել` տնտեսելով եկամուտներից որոշակի գումար, այսինքն` ընթացիկ եկամտի մի մասը ծախսելու փոխարեն պարբերաբար «կողքի դնելով»:
Եթե անհատն ուզում է խնայող լինել, նա պետք է միաժամանակ աշխատի երեք ուղղությամբ՝ իր սկզբունքների կամ կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, բնավորության և ինքնակառավարման, գիտելիքների ու հմտությունների:
Խնայելը կարևորելուց հետո պետք է մտածել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ այն իրագործելու համար: Ինչպես ցույց է տալիս փորձը, մարդկանց մեծամասնությունը իրականում կարողանում է խնայել ավելի, քան երբևէ պատկերացնում կամ ակնկալում է: Փորձը ցույց է տալիս, որ հաջողակ մարդիկ ունեն շատ կարևոր ընդհանրություն՝ խնայել կարողանալու սովորություն: Խնայողությունների հետ կապված որոշումները միշտ անհատական են և անմիջականորեն կապված են տվյալ մարդու մտածողության և վարքագծի, եկամուտների և ծախսերի հետ: Անհրաժեշտ է հասկանալ, որ խնայել չի նշանակում չծախսել: Խնայել նշանակում է կրճատել կամ վերացնել «ավելորդ ծախսերը»:
Խնայողություններ կուտակելու համար առաջարկում ենք նախ կատարել բյուջեի պլանավորում:
ԻՍԿ ՈՐՏԵՂ ՊԱՀԵԼ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խնայողությունները կարելի է պահել տանը` պահարանում, աշխատասեղանի ներքևի դարակում, գրապահարանի թաքստոցում կամ այլ տեղ։ Շատերը կարծում են, որ այդպես հարմար է. կարելի է պարբերաբար «ստուգել» ու վերահաշվարկել խնայողությունները (հոգեբանները պնդում են, որ այս գործողությունը դրական ապրումների աղբյուր կարող է լինել), իսկ հարկ եղած դեպքում դրանք «ձեռքի տակ են», և կարելի է օգտագործել որոշակի կարիքների դեպքում։
Մյուս տարբերակը բանկում ավանդի տեսքով ներդնելն է, կամ ֆինանսական այլ ներդրումներ կատարելը. դա ավելի հարմար է, անվտանգ և եկամտաբեր։
«Բարձի տակ» պահվող կանխիկ փողը կարող է վնասվել (օրինակ` բնակարանի հեղեղման կամ հրդեհի արդյունքում) կամ գողացվել, ինչպես նաև ժամանակի ընթացքում կարող է նվազել դրա գնողունակությունը` բնականոն գնաճի հետևանքով։ Մինչդեռ որպես ավանդ կամ որպես ֆինանսական այլ գործիք ներդրված փողն «աշխատում է»՝ բանկը ձեր գումարի դիմաց ձեզ վճարում է տոկոսագումարներ: Բացի դրանից,դրա վերադարձը երաշխավորվում է օրենքով: