ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

2023-07-07

Ֆինանսական զեղծարարությունների նպատակն է հափշտակել գումար անձնական տվյալներ կորզելու միջոցով։

Ֆինանսական խարդախությունները կոնկրետ անձին ուղղված գործողություններ են՝ նրան ֆինանսապես վնասելու, գումար կորզելու նպատակով։

Զեղծարարությունների և խարդախությունների օրինակները բազմաթիվ ու բազմազան են։Ահա դրանցից մի քանիսը․

 

ՖԻՇԻՆԳ

Էլեկտրոնային նամակով ձեզ է դիմում հեռավոր երկրի որևէ փաստաբան և առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ գումարները։ Ընթացքում պարզվում է, որ գործարքը կատարելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափով գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…)։

Օրինակ․՝

«Էքսկլյուզիվ» ժամացույցներ առաջարկող ինտերնետ-խանութը առաջարկում է գնել միանգամից տասը ժամացույց և դառնալ վաճառքի գործակալ` ներգրավելով նոր հաճախորդներ և վաստակելով գործակալական միջնորդավճար։ Պատվիրված ժամացույցները, սակայն, այդպես էլ չեն ստացվում կամ ստացվում են հասարակ ժամացույցներ` կայքում գնահատված գնից մի քանի անգամ ավելի էժան և բոլորովին ոչ «էքսկլյուզիվ»:

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ձեզ զանգահարում է «Ա» երկրի ֆոնդային բորսայում գրանցված «ԱԱԱ» հեղինակավոր ներդրումային ընկերության ավագ բրոքերը և առաջարկում իր երկրում գործող նավթարդյունաբերական հսկայի բաժնետոմսեր` շուկայականից զգալի էժան, քանի որ իր հաճախորդներից մեկը շատ շտապ կանխիկ գումարի կարիք ունի։  Ձեզ «հեղեղում են» գեղեցիկ գրաֆիկներով ու բարդ տեքստերով, որոնք տպավորություն են թողնում, որ այդ ներդրումը ձեռքից բաց թողնելը ուղղակի հանցագործություն է… Հետաքրքիր է, որ այսպիսի սխեմաների ժամանակ առաջին անգամ ձեզնից պահանջում են անտրամաբանական փոքր գումար, որը ներդնելով` դուք մեկ ամիս հետո ստանում եք «հաշվի քաղվածք» այն մասին, որ ձեր ներդրումն աճել է, ասենք, 28%-ով։  Դուք դեռ չեք հասցնի «մարսել» այս ուրախությունը, երբ կզանգի ձեզ ծանոթ ավագ բրոքերը և կհայտնի, որ այդ նույն բաժնետոմսերից էլի կա վաճառքում, բայց հարկավոր է առնվազն մոտ 5 000 ԱՄՆ դոլարի նվազագույն գնում, և կա ընդամենը երկու օր ժամանակ։ 


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Որևէ կայք այցելելիս կայքը ձեզ «ուրախությամբ հայտնում է», որ դուք հարյուր հազարերորդ այցելուն եք, և ունեք մեծ նվեր. միայն պետք է գրանցվել և տրամադրել ձեր բանկային քարտի տվյալները։ Նվերն այդպես էլ չի ստացվում, իսկ քարտային հաշվից անհասկանալի գումարներ են գանձվում անհայտ անձանց կողմից։

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ձեզ հայտնում են, որ դուք հեռավոր մի երկրի պետական վիճակախաղի խոշոր շահող եք։ Բայց հարկավոր է նախ վճարել շահման եկամտահարկը։ Հենց վճարում եք եկամտահարկը, լավ լուրը ձեզ հայտնողն էլ, վիճակախաղն էլ, շահումն էլ… հօդս են ցնդում։



 

 


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ