Որտեղ նեդրում կատարել
Ներդրում կատարելու համար կան մի քանի տարբերակներ։
Առաջինը ներդրումային ֆոնդի դիմելն է։ Դրանք ֆինանսական ինստիտուտներ են, որոնք իրականացնում են միասնական ֆինանսական գործունեություն, ինչի համար շատ ներդրողներից հավաքագրում են միջոցներ, ներդնում տարբեր ակտիվներում և ստացվող եկամուտը բաժանում ներդրողների միջև՝ ըստ իրենց ներդրած գումարի չափի։ Արդեն հասկանալի է, որ այս դեպքում ներդրված գումարը կառավարվում է համապատասխան մասնագետի կողմից, ինչը առավել հուսալի է։
Հաջորդ տարբերակը արժեթղթերի՝ մասնավորապես բաժնետոմսերի ու պարտատոմսերի հետ կապված գործառնություններն են։
Բաժնետոմսերը այն արժեթղթերն են, որոնք հիմնականում թողարկում են ընկերությունները իրենց կապիտալը համալրելու և գործունեությունը ֆինանսավորելու համար։ Իհարկե, բաժնետոմս ձեռք բերելու միջոցով եկամուտ ստանալ կարելի է 2 եղանակով։ Նախ՝ եկամուտ ստանալ ընկերության շահույթից պարբերաբար վճարվող դիվիդենտների (շահութաբաժին) միջոցով։ Բաժնետոմս ձեռք բերելը ունի առավելություն․ բաժնետերը հնարավորություն է ստանում ոչ միայն ապագայում եկամուտ ստանալ իր կատարած ներդրմանը համապատասխան, այլ նաև մասնակցել ընկերության կառավարմանը, ինչը, իհարկե, պահանջում է ֆինանսական որոշ գիտելիքների պաշար։ Բայց թերությունը կայանում է նրանում, որ հասարակ բաժնետոմս ձեռք բերելու պարագայում շահութաբաժնի վճարումը պարտադիր բնույթ չի կրում։ Քանի որ այն վճարվում է շահույթից, ըկերությունը կարող է չունենալ շահույթ կամ ունենալու դեպքում օգտագործել ընկերության գործունեությունը ընդլայնելու ու զարգացնելու համար։ Ուստի կարելի է դիտարկել նաև երկրորդ տարբերակը՝ ձեռք բերել բաժնետոմս վերավաճառելու համար։ Այս դեպքում եկամուտը կլինի առքի ու վաճառքի գների տարբերությունը։ Պետք է հիշել, սակայն, որ այստեղ նույնպես առկա է ռիսկ։ Գների տատանումները կարող են չծառայել հօգուտ ներդրողի։
Հաջորդ եղանակը, ինչպես նշեցինք, պարտատոմսերում ներդրումներ կատարելն է։ Այս դեպքում չի պահանջվում այնպիսի ֆինանսական գիտելիքներ, ինչպիսին պետք է բաժնետոմսների դեպքում։ Պարտատոմսերը դրա թողարկողի պարտքային պարտավորությունները հավաստող ժամկետային արժեթղթեր են։ Ներդրողը հանդիսանում է այն ձեռք բերողը և, դրանում նշված ժամկետը լրանալուն պես, թողարկողը պետք է մարի այն և վերադարնձի գումարը ներդրողին։ Պարտատոմսերի դեպքում եկամտի աղբյուր կարող են լինել պարբերաբար վճարվող տոկոսագումարները, եթե դրանք ձեռք են բերվել անվանական արժեքով։ Իսկ եթե ձեռք են բերվել անվանական արժեքից ցածր գնով, ապա այն մարվելու անվանական արժեքով և ներդրողի համար առքի ու վաճառքի գների տարբերությունը հանդիսանա եկամուտ։ Պարտատոմսերը առավել ցածր եկամտաբերություն ունեն, բայցև ավելի հուսալի են, քանի որ ցանկացած պարագայում ներդրողը հետ է ստանալու իր գումարը։
Վերջին տարբերակը, որի մասին ավելի հանգամանալից կխոսվի, բանկային ավանդն է։ Բոլորս էլ որոշ չափով տեղեկացված ենք՝ ինչ է ժամկետային ավանդը։ Ներդրողը իր դրամական միջոցները հանձնում է բանկի տնօրինությանը՝ պայմանով, որ հաստատված ժամկետը լրանալուն պես, բանկը պարտավոր է վերադարձնել գումարը ավանդատուին և դրա համար հաշվարկված տոկոսները, ինչն էլ հանդիսանում է ներդրողի եկամուտը։ Եթե ներդրողը չի ցանկանում ռիսկի դիմել, ապա սա հարմար տարբերակներից մեկն է։
Կան այլ տարբերակներ ևս՝ բիզնես սկսել, դառնալ բիզնես հրեշտակ, ձեռք բերել և օգտագործել այլ ֆինանսական գործիքներ, բայց կարևոր է հաշվի առնել, թե ինչ նպատակի է ծառայում նեդրումը, ինչպիսի ֆինանսական կրթվածության աստիճան ունի նեդրողը և ինչքան ՝ պատրաստ դիմել ռիսկի։
-
2023-07-12Այստեղ համառոտ ներկայացված է, թե ինչ պետք է հաշվի առնել ներդրում անելուց առաջ և որոնք են դրա տեսակները։Տեսնել ավելին
-