ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

2023-07-03

    Իհարկե, հրապուրիչ է, որ վարկի միջոցով հնարավոր է ապրանք գնել և դրա համար վճարել ավելի ուշ, սակայն վարկ վերցնելիս պետք չէ հապճեպ որոշումներ ընդունել, քանի որ իրականում վարկ վերցնելը կարող է ռիսկ պարունակել:
 

    Օրինակ՝

Եթե վերցրել եք բազմաթիվ վարկեր, ապա աշխատանքի կորստի կամ ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում չեք կարողանա մարել ձեր բոլոր պարտքերը, իսկ վարկի մարման համար պատասխանատու եք գրավով և ձեր անձնական գույքով:


    Հիշե՛ք նաև, որ ապրանքը կարող է ձեզ վրա թանկ նստել, քանի որ, վարկի սկզբնական գումարից բացի, դուք պետք է վճարեք նաև տոկոսագումարներ և այլ լրացուցիչ վճարներ:
    Հետևաբար՝ վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ որոշ կանոններ` ճիշտ որոշումներ կայացնելու համար:

     1․ՄԻՆՉ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԸ

  • Հստա՛կ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վարկ վերցնել, և որքան գումար է ձեզ անհրաժեշտ:
     
  • Կատարե՛ք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը: Ձեր ամսական բյուջեից հանե՛ք ընթացիկ ծախսերը: Չմոռանա՛ք վերցրած գումարի դիմաց վճարվելիք տոկոսների մասին: 
     
  • Մի՛ մոռացեք, որ ընթացիկ ծախսերին կարող են գումարվել նաև  անձնական չնախատեսված այլ ծախսեր, ինչպիսիք են, օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսերը:  
     
  • Մինչև վարկային պայմանագրի կնքումը ֆինանսական կազմակերպությունները  տրամադրում են ձեր նախընտրած վարկի էական պայմանների անհատական թերթիկ:


    Անհատական թերթիկը վերցնելուց հետո ունեք 10 օր մտածելու ժամանակ:
     Այս ժամանակահատվածը տրված է, որպեսզի ուսումնասիրեք ձեր նախընտրած վարկի էական պայմանների անհատական թերթիկները և կայացնեք վերջնական որոշում՝ խելամի՞տ է վերցնել այդ վարկային բեռը, թե՞ ոչ:
     Պայմանագիրը կնքելուց հետո դուք ունեք մտածելու և վարկից հրաժարվելու ևս մեկ հնարավորություն: 7 օր մտածելու ժամանակը գործում է բոլոր սպառողական վարկերի պարագայում:

    Մտածելու ժամանակն ամրագրված է օրենքով, և ֆինանսական կազմակերպությունը չի կարող այդ ժամանակահատվածում մերժել վարկից հրաժարվելու ձեր պահանջը:

    Օրինակ՝

Եթե պլանավորում եք վերցնել տեխնիկայի ձեռքբերման վարկ կամ ուսման վարկ, որի գումարը 500 000 ՀՀ դրամ է, ապա պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն խզել ձեր վարկային պայմանագիրը, սակայն անհրաժեշտ կլինի վճարել պայմանագրում նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

 


    Դուք կարող եք օգտագործել այս հնարավորությունը, եթե պայմանագիրը կնքելուց հետո հասկանում եք, որ պայմանագրի պայմանները ձեռնտու չեն, վարկը մարելիս ունենալու եք ֆինանսական դժվարություններ, չեք կարողանալու ժամանակին կատարել վարկի հետ կապված բոլոր վճարները, գտել եք Ձեր կարիքը հոգալու ավելի հարմար տարբերակ և այլն։
    Ստուգե՛ք, որ վարկի և տոկոսավճարների ամսական մարման մեծությունը չգերազանցի ձեր ամսական եկամտի 30-50%-ը:

    Օրինակ՝

Եթե ամսական 100 000 դրամ եկամուտ ունեք, ապա չպետք է վերցնեք վարկ, որի ամսական մարումը 50 000 դրամից ավել է:

 

    Իրականացրե՛ք ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՁԵԶ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՎԱՐԿԸ կետում նշված քայլերը:
Ուշադրությու՛ն դարձրեք՝ 

 

  • վարկի մարումների գրաֆիկին,
  • վարկային հայտի քննարկման ժամկետներին, 
  • եթե առկա է գրավի պահանջ, գրավի պայմաններին, 
  • վարկի տրամադրման եղանակին (կանխիկ, անկանխիկ),
  • վարկի տրամադրման արժույթին (դրամով, դոլարով…),
  • տոկոսավճարների հաճախականությանը. վարկի ստացման պահի՞ն, ամսական կտրվածքո՞վ, վարկի վերջում, այլ պարբերականությամբ: Օրինակ՝ եթե դուք տոկոսագումարը չվճարեիք վարկը ստանալիս, այլ ներդնեիք այդ գումարը բանկում, ապա կստանայիք որոշակի եկամուտ: 
  • վարկային պայմանագրի պայմանները խախտելու և/կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կիառվող պատժամիջոցներին: 
  • և այլն:

   
    ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԻՍ

     Երբ արդեն հասկացել եք, թե ձեզ ինչ վարկ է անհրաժեշտ, ապա մի՛ հրապուրվեք և մի՛ վերցրեք անհրաժեշտ գումարից ավելի: Պահպանե՛ք 30-50%-ի սկզբունքը

    Մինչ պայմանագրի կնքումը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը ձեզ չի ազատում հետևանքներից: Մասնավորապես՝ ուշադրությու՛ն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին. 

  • տարեկան փաստացի տոկոսադրույքին,
  • վարկի մարումների գրաֆիկին (տոկոսավճարների և մայր գումարների մարումների մեծությունները, դրանց հանրագումարը), >ապահովագրության,գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գներին,
  • ձեր կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից կիրառվող տույժ/տուգանքներին կամ պայմանագրով նախատեսված այլ վճարներին,
  • վարկը շուտ մարելու մեթոդաբանությանը:

    Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց համաձայն բանկը իրավունք է ունենում միակողմանիորեն կամ հղում կատարելով այլ փաստաթղթի, փոխել պայմանագրում նշված որոշ կետեր: Այսպես՝ տոկոսադրույքը կամ այլ սակագները նշվում են ոչ թե պայմանագրում, այլ ֆինանսական կազմակերպության այլ փաստաթղթում:
Կարող եք հանդիպել այսպիսի պայմանի. 

 

    Օրինակ՝

«Վարկի տոկոսադրույքը որոշվում է համաձայն վարկատու կազմակերպության սակագների» կամ «Վարկատու կազմակերպությունն իրավունք ունի փոփոխելու վարկի տոկոսադրույքը՝ ելնելով շուկայական իրավիճակից՝ համաձայն բանկի կողմից ընդունված սակագների»:


    Հիշե՛ք՝ իրավունք ունեք  վարկատու կազմակերպությունից պահանջելու այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:
    Եթե ունեք այլ հարցեր, ապա տվե՛ք դրանք վարկատու կազմակերպությանը: Վերջինս կտրամադրի ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:
    Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրե՛ք պայմանագրի ձեր օրինակը, պահպանե՛ք այն ապահով տեղում: 

    ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
    Օգտվե՛ք 7-օրյա մտածելու ժամանակից, որի ընթացքում կարող եք հրաժարվել ձեռք բերած սպառողական վարկից, եթե հասկացել եք՝ տվյալ վարկը ձեռնտու չէ, չի համապատասխանում ձեր ցանկություններին և ֆինանսական իրավիճակին:  
    Ցանկանում եք ժամանակից շուտ մարել վարկը, ապա մի՛ մոռացեք նշել, որ նվազեցում կատարվի մայր գումարից, այլ ոչ թե վճարումը դիտվի որպես հերթական մարում:
    Կատարե՛ք վարկի գումարի վճարումները և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան:
    Մարումները ժամկետին կատարելու դեպքում.

  • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
  • կձևավորեք դրական վարկային պատմություն և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու ձեր հնարավորությունները:

    Եթե վարկը մարում եք ոչ թե ձեր, այլ ուրիշ ֆինանսական կազմակերպությունում, ապա հաշվի՛ առեք, որ փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի որոշակի ժամանակահատված (մինչև երեք օր):

    Հետևե՛ք, որ ձեր իրավունքները չխախտվեն, օրինակ՝ բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները, սակայն այդ մասին առնվազն 7 օրացուցային օր առաջ պետք է ծանուցի ձեզ:

    Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկը, որը տրամադրվում է ձեզ վարկային պայմանագրի հետ:
   
Իսկ ինչ է տեղի ունենում, երբ ժամանակին և պատշաճ չեք մարում վարկը:

    Ամենատարբեր պատճառներով հնարավոր է, որ դուք չկարողանաք մարել ձեր վարկը: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում չգրանցել ուշացումներ, սակայն եթե անվճարունակությունը կրում է ժամանակավոր բնույթ, ապա կարող եք բանակցել ֆինանսական կառույցի հետ, որը գուցե ընդառաջի ձեզ և երկարաձգի մեկ ամսվա վճարումը: Կենտրոնական բանկը չի կարող միջնորդել այս հարցում: Իմացեք ավելին՝ Ամենակարևորը վարկային պատմության մասին:
    Այլ պարագաներում՝

 

    Վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի միջոցով: Այն դեպքում, երբ գրավը չի ապահովում համապատասխան գումար (օրինակ՝ գրավի առարկայի շուկայական գինը նվազել է), ապա դուք պատասխանատու եք դառնում նաև ձեր անձնական գույքով:

    Բացի ֆինանսական հետևանքներից, դուք կրում եք նաև վատ վարկային պատմություն ձևավորելու հետևանքները: Վարկատու կազմակերպությունը ձեր մարումների ուշացման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ԱՔՌԱ վարկային բյուրո և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր: 

    Վատ վարկային պատմություն ունենալու բացասական հետևանքն այն է, որ հետագայում վարկատուները կա՛մ կարող են հրաժարվել ձեզ վարկ տրամադրելուց, կա՛մ կարող են ավելի խիստ պայմաններով վարկեր տրամադրել (բարձր տոկոսադրույք, կարճ ժամանակահատված և այլն): 

   Լավ վարկային պատմությունը, ընդհակառակը, կհեշտացնի վարկի ստացման գործընթացը, ձեզ կարող են առաջարկել ավելի լավ պայմաններ: Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցները ներառում են տեղեկատվություն վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարիների վերաբերյալ:

ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է:
    Կարող եք տարին մեկ անգամ վերցնել ձեր վարկային զեկույցը և ստուգել ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:

    Չկա որևէ վճարում, որով կարող եք բարելավել ձեր վարկային պատմությունը, կա միայն ավելի խելամիտ մոտեցում ձեր անձնական ֆինանսներին:

 


 

 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ