Օգտակար խորհուրդներ բյուջեի պլան կազմելու համար
Բյուջեի պլանավորումը բարդ գործընթաց է, բայց պլանին մշտապես հետևելը ավելի բարդ է։ Շատերը գուցե փորձել են բյուջեի պլան կազմել և հետևել դրան, բայց հաջողության չեն հասել։ Ուստի առաջարկում եք մի քանի օգտակար խորհուրդ բյուջեի կազման և օգտագործման վերաբերյալ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը։
1․Գնահատեք առաջնահերթությունները․ձեր ծախսերը բաժանեք ըստ կարևորության աստիճանի և ըստ ժամկետների։ Նախապատվությունը տվեք պարտավորություններին, հետո՝ կարիքներին, այնուհետև՝ ցանկություններին։ Պարտավորությունների մեջ հաշվի առեք պարտադիր կատարվող վճարները, որոնք ունեն սահմանված հստակ ժամկետ, օրինակ՝ հարկերը, վարկային պարտավորությունները, ապահովագրական վճարները և կոմունալները։ Կարիքների մեջ ներառեք այն ամենը, ինչը անհրաժեշտ է ապրելու համար, օրինակ՝ սնունդ, հագուստ, տրանսպորտ։ Իակ ցանկությունները արդեն այն ամենն է, ինչից կարող եք և ժամանակավորապես հրաժարվել անհրաժեշտության դեպքում, եթե չունեք բավարար միջոցներ, օրինակ՝ ժամանցը կամ նոր ավտոմեքենան։
2․Վերանայեք ձեր պարտավորությունները․ժամանակի ընթացքում պարտադիր կատարվող վճարները գուցե վերանայելու կարիք առաջանա։ Օրինակ՝ եթե արդեն բավականին ժամանակ է, ինչ չեք օգտվում որևէ ծառայությունից, որի համար ամսական գումար եք վճարում, կարող եք հրաժարվել դրանից կամ ընտրել ավելի մատչելի տարբերակ (ինտերնետ փաթեթի առավել մատչելի տարբերակի ընտրում կամ հրաժարում մարզասրահ գնալու փաթեթից)։
Բացի այդ, եթե ունեք մտավախություն, որ չեք կարողանա ժամանակին կատարել ձեր վարկային պարտավորությունները, կարող եք դիմել մասնագետի և իմանալ՝ արդյոք ձեր ընտրած վարկատեսակը տալիս է հետաձգված վճարում կատարելու հնարավորություն, թե ոչ։ Առկայության դեպքում կարող եք հաշվի առնել այդ փաստը բյուջեի պլան կազմելիս։
3․Պարբերաբար կատարեք նշումներ․կազմված պլանին հետևելու համար մի փորձեք ամեն ինչ մտապահել կամ մտքում հաշվարկել։ Օգտագործեք նոթատետր կամ բջջային հավելված, և պարբերաբար նշումներ կատարեք ձեր ծախսերի մասին։ Կարող եք նշումներ կատարել օրվա վերջում կամ շաբաթվա վերջում, որը կօգնի կարգապահ լինել։ Բացի այդ, բյուջեի ընդհանուր ամսական կամ տարեկան պլանին հետևելու համար օգտակար կլինի փոքր պլան կազմելը գալիք շաբաթվա համար։
4․ Կրճատեք ավելորդ կամ չօգտագործվող ապրանքների գնումները․դրանք կարող են վերաբերել և՛ հագուստին, և՛ սննդին, և՛ ցանկություններին, և՛ նախասիրություններին։ Պարզեք, թե ինչն է, որ սովորություն ունեք ձեռք բերելու, գնելու, բայց սովորություն չունեք օգտագործելու։ Դա կարող է վերաբերել չափից շատ սնունդ գնելուն որոշ ժամանակահատվածի համար կամ ամեն անգամ նոր հագուստ ձեռք բերելուն, որը այդպես էլ կախված է մնալու պահարանում։
5․Հաջորդ պլանը կազմելիս վերլուծեք նախորդը․իհարկե, ֆինանսական միջոցները կառավարելիս սխալները անխուսափելի են, ուստի, նոր պլան կազմելիս, վերլուծեք նախորդը։ Գտեք ձեր թույլ տված սխալները, հասկացեք դրանք պատճառները և որոշեք՝ ինչ կարող եք անել ավելի արդյունավետ ձեր միջոցները օգտագործելու համար։
Սրանք մի քանիսն էին այն բազմաթիվ խորհուրդներից, որոնք կարող եք գտնել այս թեմայի շրջանակներում։ Բայց նույնիսկ միայն սրանց ուշադրություն դարձնելը կօգնի լինել ավելի կարգապահ և ճիշտ օգտագործել ձեր ֆինանսները։
-
-
2023-07-12Այստեղ համառոտ ներկայացված է բյուջե կազմելու առավելությունների մասին և թե ինչպես կարող ենք անել դա ինքներս։Տեսնել ավելին