ԻՆՉ Է ՎԱՐԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

2023-06-29
     ԻՆՉ Է ՎԱՐԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով:

    Վարկի մայր գումարի հետ հիմնականում վճարում եք նաև տոկոսագումարներ (այսպես կոչված՝ տոկոս):

    Վարկը հնարավորություն է տալիս խնայողություններ չունենալու դեպքում ևս ձեռք բերելու ապրանքներ, ծառայություններ, օրինակ` ֆինանսավորել կրթությունը կամ բիզնեսը: Այն օգնում է նաև բաշխել մեծ ծախսերն ըստ որոշակի ժամանակահատվածի և պահանջում է պատասխանատու մոտեցում:

    Ֆինանսական աշխարհում հաճախ են խոսում լավ և վատ վարկերից: Լավ է համարվում այն վարկը, որը հետագայում հավելյալ եկամուտ է ապահովում: Այդպիսին կարող են համարվել, օրինակ՝ ուսանողական վարկերը, բիզնես վարկերը: 

 

    Վարկերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների:
 

ԸՍՏ ՆՊԱՏԱԿԻ

 

Սպառողական վարկ. նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու: Սպառողական են նաև մինչև 2 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկերը: Սպառողական վարկերի տեսակներ են.

  • >  ավտովարկ, 
     
  • >  ուսումնական վարկ, 
     
  • >  «ապառիկ», որի միջոցով բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ օգնում է տվյալ պահին վաճառքի սրահից ձեռք բերել կենցաղային տեխնիկա, այլ սարքավորումներ, իսկ հետագայում դուք արդեն վճարում եք բանկին կամ վարկային կազմակերպությանը, 
     
  • >  վարկային գիծ/օվերդրաֆտ՝ ընթացիկ ծախսերի իրականացման համար բանկային հաշվի կամ վճարային քարտերի միջոցով տրամադրվող դրամական միջոցներ են: Տոկոսագումարները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի նկատմամբ.

    Օրինակ՝

Եթե վարկի գումարը 500 000 դրամ է, սակայն դուք օգտագործել եք 200 000 դրամը, ապա տոկոսը կհաշվարկվի 200 000-ի նկատմամբ, այլ ոչ   500 000-ի: Վճարումները գանձվում են անմիջապես հաշվից
 

Լոմբարդային վարկ. 
գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է:

Հիփոթեքային վարկ. 
տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը:

Հիփոթեքային վարկի տրամադրվում են միջինում 15 տարի ժամկետով (կարելի է հանդիպել 1-ից մինչև 30 տարով առաջարկների):

Հիփոթեքային վարկերի պարագայում գործում են վարկավորման հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝  «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրեր:

Եթե վճարում եք եկամտային հարկ և ցանկանում եք հիփոթեքային վարկ վերցնել, ապա բնակարանը կառուցողապատողից ձեռք բերելու դեպքում վճարած եկամտային հարկի գումարներից ձեզ կվերադարձվեն վարկի տոկոսների գումարները, մանրամասները՝ այստեղ:

Գյուղատնտեսական վարկ. 
տրամադրվում է գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է մարդկանց և կազմակերպություններին:

Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում,  որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում:

Բիզնես կամ առևտրային վարկ.
տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ բիզնեսի իրականացման, այդ թվում, արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակներով:


ԸՍՏ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ

  • >  Կարճաժամկետ. սովորաբար մինչև 1 տարի ժամկետով, օրինակ՝ վարկային գիծ, լոմբարդային վարկ:
  • >  Միջնաժամկետ. սովորաբար 1-ից 3 տարի ժամկետով, օրինակ՝ ավտովարկ, գյուղատնտեսական վարկ:
  • >  Երկարաժամկետ. սովորաբար 3 տարի և ավելի ժամկետով, օրինակ՝ ուսանողական, հիփոթեքային վարկ:


Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի մեծ է վճարվելիք տոկոսագումարը: Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է դրա գինը: Աշխատեք, որ վարկի տևողությունը համապատասխանի վարկի նպատակին:

    Օրինակ՝

Կարճաժամկետ վարկերը սովորաբար նախատեսվում են կենցաղային ապրանքների ձեռքբերման համար, միջին ժամկետայնության վարկերը՝ ավտոմեքենաների, իսկ երկարաժամկետ վարկերը՝ հիմնականում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով:


ԸՍՏ ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹԻ
  • >  Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր:

  • >  Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն):

Առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով հաշվարկվում են Ձեր եկամուտները, քանզի արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառով կարող է էականորեն մեծանալ վճարների փաստացի մեծությունը: 
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ