ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

2023-07-01

Դրամական փոխանցումը հնարավորություն է տալիս կատարելու միջոցների փոխանցումներ բանկային, փոստային համակարգի և փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների օգնությամբ:

Դրամական փոխանցումներ հնարավոր է կատարել տարբեր երկրներ և տարբեր արժույթներով:

Դրամական փոխանցումների համակարգի միջոցով դուք կարող եք գումար փոխանցել ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող ձեր մտերիմներին, հարազատներին, գործընկերներին, կազմակերպություններին և այլն:

Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել

  • բանկային հաշվի միջոցով,
  • առանց բանկային հաշվի բացման: 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ 

Այս եղանակով դրամական փոխանցում կատարելու համար նախ պետք է բացել բանկային հաշիվ, որի մասին կարող եք կարդալ բանկային հաշիվ բաժնում:

Բանկային հաշվի միջոցով դրամական փոխանցում կատարելու համար պետք է՝

  • նախապես ստուգել անհրաժեշտ սպասարկման վճարների,
  • միջնորդավճարների առկայությունը,
  • դիմել ձեզ սպասարկող բանկին,
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, 
  • համապատասխան աշխատակցին հայտնել գումարը ստացողի տվյալները (օրինակ` անուն, ազգանուն, հասցե և այլն), գումարը ստացողի հաշվեհամարը (առկայության դեպքում), գումարը ստացողի բանկի անվանումը և փոխանցվող գումարի չափը,
  • պարզել, թե որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • hայտնել ստացողին փոխանցված գումարի չափը, ինչպես նաև այդ գումարից գանձվող սպասարկման վճարների չափը (առկայության դեպքում):

Բանկը ձեր բանկային հաշվից կարող է փոխանցում իրականացնել միայն ձեր կամ ձեր կողմից լիազորված անձի հանձնարարականով:
 

ՀՀ տարածքում բանկային հաշվով փոխանցումը կատարվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Արտասահման փոխանցում իրականացնելու ժամկետը կախված է այն բանկերի թվից, որոնց միջոցով կատարվում է փոխանցումը:

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄ

  • ներկայացե՛ք ձեզ սպասարկող բանկ,
  • համապատասխան աշխատակցին ներկայացրե՛ք անձը հաստատող փաստաթուղթ,
  • հայտնե՛ք աշխատակցին ձեր բանկային հաշվի համարը,
  • ստուգե՛ք՝ արդյոք ձեր բանկային հաշվին փոխանցված գումարի չափը համապատասխանու՞մ է փոխանցողի կողմից նշված գումարին,
  • պահանջե՛ք անհրաժեշտ գումարը՝ ձեր բանկային հաշվում առկա միջոցների սահմաններում:

ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

  • դիմե՛ք փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը,
  • պարզե՛ք, թե դրամական փոխանցումների իրականացման որ համակարգով է կատարվելու փոխանցումը,
  • տեղեկացե՛ք, թե որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • ճշտե՛ք, թե որքան է դրամական փոխանցման համար սահմանված սպասարկման վճարը, այսինքն` որքան եք վճարելու փոխանցումը իրականացնելու համար, որքան գումար է գանձվելու փոխանցումը ստացողից,
  • փոխանցվող գումարը և սպասարկման վճարը մուծե՛ք դրամարկղում,
  • դրամական միջոցը ստացողին հայտնե՛ք փոխանցվող գումարի չափը (առանց սպասարկման վճարների), փոխանցման «ստուգողական» համարը և այն համակարգի անունը, որով կատարվել է փոխանցումը:

«Ստուգողական» համարը փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից տրվում է ձեզ, որը դուք պետք է հայտնեք գումարը ստացողին:

«Ստուգողական» համարը անհրաժեշտ է, որպեսզի բանկը հավաստիանա, որ գումարը ստացողը հենց այն անձն է, ում փոխանցվել է գումարը:

ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄ

  • եթե փոխանցողը նշել է որոշակի կազմակերպություն, ներկայացե՛ք փոխանցողի կողմից նշված հասցեով փոխանցման կետ,
  • եթե փոխանցողը չի նշել որևէ կազմակերպություն, փոխանցողից պարզե՛ք, թե որ համակարգով է կատարվել փոխանցումը, ճշտե՛ք, թե որ կազմակերպություններն են իրականացնում տվյալ համակարգով փոխանցումներ և ներկայացե՛ք համապատասխան կազմակերպություն,
  • համապատասխան աշխատակցին ներկայացրե՛ք անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատակցին հայտնե՛ք այն համակարգի անվանումը, որով իրականացվել է փոխանցումը,
  • աշխատակցին ներկայացրե՛ք ուղարկողի հայտնած փոխանցման «ստուգողական» համարը, եթե փոխանցումը կատարվել է առանց բանկային հաշվի բացման,
  • համապատասխան աշխատակցից վերցրե՛ք փոխանցումը ստանալու հայտը: Ստուգե՛ք, թե ստացվելիք գումարի չափը համապատասխանում է արդյոք փոխանցողի կողմից նշված գումարին,
  • եթե վերը նշված պայմաններն անթերի կատարվել են, ստորագրե՛ք և ստացե՛ք գումարը:


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ