ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

2023-07-02

ՄԻՆՉԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Հստակ ձևակերպեք, թե ինչն եք ցանկանում ապահովագրել և ինչ ռիսկերից:

Օրինակ` ապահովագրել անշարժ գույքը հրդեհից:

Համեմատեք տարբեր ապահովագրական ընկերությունների առաջարկները և ընտրեք ձեզ համար ամենաձեռնտու տարբերակը: Այստեղ ձեզ շատ կօգնեն ապահովագրական բրոքերները:

Համեմատելիս ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ պայմաններին՝

  • ապահովագրության ժամկետ,
  • հատուցման ենթակա ապահովագրական պատահարներ,
  • ապահովագրական գումարի չափ և հաշվարկ (վերականգնվող կամ նվազող) «Միջին արժեքի կանոնի» կիրառություն,
  • կիրառվող տույժեր և տուգանքներ,
  • ապահովագրության հետ կապված վճարներ:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ

Մինչև ապահովագրական պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրի և վկայագրի բոլոր կետերը: 

Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ կետերին՝

  • ապահովագրության օբյեկտ,
  • հատուցման ենթակա ապահովագրական պատահար,
  • բացառություններ, որոնց դեպքում չի տրվում հատուցում,
  • պատահարի մասին տեղեկացնելու կարգ և ժամկետ,
  • վնասի գնահատման կարգ,
  • ապահովագրական հատուցման կարգ,
  • պայմանագրի փոփոխման և վաղաժամկետ լուծման կարգ:

Որոշ դեպքերում ապահովագրական վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագին, եթե պարունակում է ապահովագրության պայմանագրի էական պահանջներ:

Ապահովագրական ընկերության աշխատակիցը պարտավոր է  ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն:

Չմոռանաք վերցնել պայմանագրի ձեր օրինակը: 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Կատարեք ապահովագրական վճարումները՝ համաձայն ձեր պայմանագրի:

Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու (չեղյալ համարելու) ձեր պայմանագիրը:

Ապահովագրական պատահարի դեպքում  այդ մասին անհապաղ հայտնեք ապահովագրական ընկերությանը: Հակառակ դեպքում՝ ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը:

Ապահովագրական ընկերությունը պետք է քննի ձեր պահանջը և կայացնի որոշում, թե արդյոք ձեր ապահովագրական վկայագիրը ծածկու՞մ է այդ պատահարի հետևանքով առաջացած վնասները. եթե այո, ապա վնասների ո՞ր մասն է փոխհատուցվելու:

Ձեր հատուցման պահանջը կարող է մերժվել, եթե`

  • Ձեր ապահովագրական վկայագիրը չի ծածկում այն ռիսկերը, որի հետևանքով դուք կրել եք վնասներ:
  • Դուք չեք կատարել Ձեր ապահովագրական վկայագրի պայմաններից որևէ մեկը:
  • Ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի՝ դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով: 
  • Ապահովագրության պայմանագիր կնքելիս դուք ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել եք կեղծ տեղեկություններ: 


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ