Գնումներ և կանխիկացում

2023-07-01

Վճարային քարտերով այս տեսակի գործառնություններ կարելի է իրականացնել POS տերմինալների, բանկոմատների ու համակարգիչների միջոցով: Դիտարկենք առաջին երկուսը այս բաժնում:

POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու:

Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa կամ MasterCard:

Պատկերանշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

  • Քարտով վճարում կատարելիս միշտ պահե՛ք քարտը Ձեր տեսադաշտում:
  •   Մինչև PIN-կոդը հավաքելը ստուգե՛ք, որ գումարը ճիշտ լինի:
  • Ստուգե՛ք նաև անդորրագրի վրա նշված գումարի չափը: 
  • Պահպանե՛ք անդորրագիրը, համեմատե՛ք քարտի ամսական քաղվածքի հետ (մանրամասները՝ Քաղվածք բաժնում): 

Դուք կարող եք նաև հրաժարվել գնումից, եթե, օրինակ գումարը, սխալ է նշված: Այս դեպքում պահանջե՛ք, որ ձեր վճարումը չեղյալ համարեն և ձեզ տրամադրեն գործարքը չեղյալ համարելու անդորրագիր:

POS տերմինալի  միջոցով կարող եք գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես ինքներդ քարտը POS տերմինալին մոտեցնելով:

Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար): Սովորաբար կիրառվում է գումարային սահմանաչափ, օրինակ՝ 10 000 դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարող եք պարզապես մոտեցնել քարտը այն POS տերմինալներին, որոնց վրա կա նշանը:

Այս պարագայում ևս պետք է լինել զգոն, որպեսզի ձեր քարտից առանց ձեր իմացության չկատարվեն գործարքներ: Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Բանկոմատից օգտվելու համար պետք է ունենաք քարտ և հիշեք քարտի PIN կոդը` բանկոմատում այն մուտքագրելու համար:

Բանկոմատից օգտվելիս կատարե՛ք հետևյալ քայլերն ու պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝

  • Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):
  • Քարտը տեղադրե՛ք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքե՛ք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները: 
  • PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն: Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների պատճառով գումար կորցնելու վտանգը:
  • 3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել: Այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր  բանկին կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով, որպեսզի արգելափակեք քարտը՝ այլ անձանց կողմից գործարքներ կատարելու հետևանքով վնասներ կրելու հավանականությունը նվազեցնելու նպատակով: 
  • Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ անսարք է  կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի պատկերանշանները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ, քարտը մուտք անելու տեղում՝ հավելյալ մասեր և կասկածներ հարուցող լրացուցիչ այլ պարագաներ, որոնք, ըստ ձեզ, կարող են լինել կեղծ: 
  • Աշխատեք հնարավորինս արագ կատարել  բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ համարվել, կամ բանկոմատը կարող է քարտը դուրս մղել և երկար ժամանակ որոշակի գործողություններ չանելու դեպքում նաև «կուլ տալ»՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը, ցանկության դեպքում՝ նաև անդորրագիրը: Բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (կանխիկացման նվազագույն գումարը 1000 դրամ է):
  • Մի՛ հաշվեք գումարը այլ մարդկանց ներկայությամբ, ինչը կարող է մեծացնել գողության հավանականությունը: 

Այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում բանկը հիմնականում գանձում է միջնորդավճարներ:

Մոտակայքում ձեր բանկի բանկոմատ գտնելու համար այցելե՛ք ձեր բանկի կայք, զանգահարե՛ք ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներում։

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ