Օնլայն գնումներ

2023-07-01

Առցանց առևտուրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հնարավորություն է տալիս.

  • Հեշտությամբ գտնելու ձեզ հետաքրքրող ապրանքները, ինչպես նաև խմբավորելու դրանք՝ ըստ ապրանքանշանի, գնի, ֆիզիկական հատկանիշ (գույն, չափ) և այլն։
  • Համեմատելու տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու։
  • Գնումներ կատարելու ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։
  • Չմտածելու մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ առցանց խանութներն առաջարկում են նաև առաքում։
  • Ծանոթանալու ապրանքի մանրամասն նկարագրությանը, օգտագործման հրահանգներին և դրա վերաբերյալ այլ տեղեկություններին։
  • Ծանոթանալու ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին կամ խորհուրդներին։  \

Առցանց առևտուրը պարունակում է նաև ռիսկեր, որոնց առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել այս քայլերին՝

  • Համացանցի միջոցով գնումները կատարեք դրանց համար առանձնացված քարտով, որի վրա աշխատեք պահել այնքան գումար, որքան որ հարկավոր է ձեզ առևտուր կատարելու համար: Խուսափե՛ք այդ քարտերի վրա խոշոր գումարներ պահելուց, հնարավորության դեպքում օգտագործե՛ք քարտեր՝ առանց  վարկային գծի հնարավորություն: 
  • Ընտրե՛ք ապահով կայքեր, որոնք սկվում են https:// գրառումով, «կողպեքի» նշանով են, հասցեի կանաչ գրառումով և ապահովության այլ նշաններով։ 
  • Միջազգային կայքերից օգտվելիս ճշտե՛ք, որ կայքերը լինեն հավաստագրված, ստուգված կամ ճանաչված, օրինակ` «Verified by VISA», «MasterCard Secure Code» և այլն:
  • Կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ` Google Maps ծրագրով՝ արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի, և ինչ է գտնվում այդ հասցեում։ 
  • Անվտագության հնարավորություն է տալիս նաև 3D secure համակարգը, որի դեպքում գործարքը շարունակելու համար դուք նույնականացվում եք ձեր բանկի կողմից. քարտային հաշիվ բացելիս բանկին հայտնում եք հեռախոսահամար, որին հաղորդագրություն (SMS)/էլ. նամակ եք ստանում գնում կատարելիս: Հաղորդագրությունը/նամակը պարունակում է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է մուտքագրել  գործարքի կատարման կայքում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով: 
  • Կայքերում ձեզ համար մուտքի գաղտնաբառ ընտրելիս և ձեր քարտը գրանցելիս ընտրե՛ք ավելի բարդ գաղտնաբառեր. ներառե՛ք մեծատառ, թվեր, նշաններ: Մի՛ եղեք կանխատեսելի՝ գրելով հեշտ գուշակվող տեղեկատվություն. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, password բառը, Aa1234567 և այլն: 
  • Մանրամասն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման կանոններին, քանզի մեծ է ռիսկը, որ առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել համացանցում դրա նկարագրությանը։
  • Ուշադի՛ր եղեք վճարումից առաջ. ճշտե՛ք ապրանքի վերջնական գինը, որը ներառում է միջնորդավճարները, առաքման գումարը, հարկերը և այլ լրացուցիչ ծախսեր:
  • Մի՛ տեղադրեք քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։
  • Համակարգիչը զերծ պահեք համակարգչային «վիրուսներից» և վտանգավոր ծրագրերից։ Մի՛ այցելեք կասկածելի կայքեր, պարբերաբար թարմացրե՛ք հակավիրուսային համակարգը: 
  • Մի՛ տրվեք «չափազանց լավ» առաջարկներին՝

- Գնե՛ք այս ժամացույցը՝ վճարելով միայն առաքման համար:

- 30 տարեկանների համար անվճար ճամփորդություն դեպի Իտալիա ...

Այսպիսի հայտարարությունները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործել զեղծարարական կամ խարդախության նպատակներով: Իմացեք նաև՝ Ինչու կատարել գնումներ ինտերնետով:

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ