Օգտակար Խորհուրդներ

2023-07-01

ՄԻՆՉ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Ինքներդ  որոշեք, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել վճարային քարտը, և ինչ տեսակի քարտ է ձեզ անհրաժեշտ.

  • Եթե այդ քարտով նախատեսում եք ստանալ աշխատավարձ ՀՀ տարածքում և հայաստանյան գործատուի կողմից, ինչպես նաև գումար կանխիկացնել կամ գնումներ կատարել բացառապես վաճառքի հայկական կետերում, ապա ԱՌՔԱ քարտը կարող է լինել ձեզ համար ամենաշահավետ տարբերակը: 
  • Եթե այդ քարտով ստանալու եք աշխատավարձ, սակայն ձեզ անհրաժեշտ է նաև վարկային գիծ ձեռք բերել, ինչպես նաև օգտագործել արտասահմանում, ապա պետք է դիտարկեք  Mastercard-ի,  VISA-ի և միջազգային այլ հաշվարկային քարտի տարբերակները: 

Վճարային քարտերը համեմատելու և ամենահարմար տարբերակն ընտրելու համար կարող եք օգտվել ձեզ առաջարկվող տեղեկատվության միջոցներից. 

  • Ֆինանսական տեղեկատույում մուտքագրելով ձեզ անհրաժեշտ վճարային քարտի տվյալները (քարտի տեսակը, արժույթը, համակարգը և այլն)՝ կստանաք այժմ առկա քարտերի առաջարկները, կկարողանաք հեշտորեն համեմատել և ընտրել ամենահարմար տարբերակը:
  • Բանկերն իրենց կայքէջերում հրապարակում են վճարային քարտերի առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք համեմատելով՝ կարող եք որոշում կայացնել:

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ

Ուշադի՛ր լրացրեք ձեր տվյալները, օրինակ՝ արդյոք ցանկանու՞մ եք հաշվի քաղվածքները ստանալ էլ. նամակի տեսքով (այս տարբերակն ընտրելիս ստուգե՛ք, որ էլ. հասցեն ճիշտ լրացված լինի) կամ առձեռն՝ բանկի տարածքում ինքնուրույն ստանալու միջոցով: Այս տարբերակն ընտրելու դեպքում իմացե՛ք, որ մինչև դուք չներկայանաք բանկ և չպահանջեք ձեր քաղվածքը, բանկը պարտավոր չէ ձեզ այն տրամադրել այլ եղանակով: Մեծանում է հավանականությունը, որ եթե չվերցնեք ձեր քաղվածքը և չստուգեք ձեր կողմից կատարված գործարքները, ապա զեղծարարություն տեղի ունենալու դեպքում չեք կարողանա բողոքարկել, քանզի կլինեք անտեղյակ): 

Մինչ պայմանագրի կնքումը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը ձեզ չի ազատում հետևանքներից: Մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`

  • քարտի տեսակին և նկարագրությանը,
  • պարտադիր վճարներին,
  • վավերականության ժամկետին,
  • որքա՞ն է մեկանգամյա կանխիկացման գումարի առավելագույն չափը,
  • առավելագույնը քանի անգամ է հնարավոր գումար կանխիկացնել մեկ օրում,
  • արդյոք հնարավո՞ր է ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ,
  • արդյոք հնարավո՞ր է համացանցի միջոցով առևտուր կատարել,
  • որո՞նք են ձեր իրավասությունները,
  • ի՞նչ գործողությունների դեպքում ինչպիսի պատասխանատվություն եք կրում,
  • պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված, և ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ ձեզ համար: 


Հիշե՛ք՝ դուք իրավունք ունեք բանկից պահանջելու այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:

Ակտիվացրե՛ք քարտային հաշվում գումարի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) միջոցով տեղեկացում ստանալու ծառայությունը. դուք ինքներդ եք որոշում գումարի այն սահմանաչափը, որը գերազանցող գործարքի դեպքում կստանանք հաղորդագրություն (SMS)՝

  • Մուտք հաշվին XXX դրամ, գումարի աղբյուրը, ժամանակը: Մնացորդ XXX դրամ: 
  • ATM կանխիկացում XXX դրամ, ժամանակը: Մնացորդ XXX դրամ:
  • Գնում XXX դրամ: Վաճառքի կետը, ժամանակը: Մնացորդ XXX դրամ: 

Այս ծառայությամբ կվերահսկեք ձեր գործարքները, կբացառեք առանց ձեր իմացության գործարքների իրականացումը: Պայմանագիրը ստորագրելիս ձեզ հնարավորություն է տրվում ընտրելու քարտային հաշվի քաղվածքի ստացման եղանակը: Ընտրե՛ք քաղվածքները նամակով կամ էլ. փոստով ստանալու հնարավորությունը, որպեսզի կարողանաք վերահսկել ձեր գումարի շարժը: Որոշ առաջարկների պարագայում ձեզ հնարավորություն է տրվում, որ ինքներդ ընտրեք ձեր քարտի համար սահմանաչափեր, թե, օրինակ՝ առավելագույնը որքան գումարի գործարք կարող եք իրականացնել ձեր քարտային հաշվով: Եթե ունեք այլ հարցեր, ապա դիմե՛ք բանկին, նախքան պայմանագիրը կնքելը: Վերջինս կտրամադրի ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրե՛ք պայմանագրի ձեր օրինակը, պահպանե՛ք այն ապահով տեղում:

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ

Վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության հետևյալ կանոններին՝

  • Պարբերաբար ստուգե՛ք ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին: 
  • Միշտ ձեր տեսադաշտում պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում: Անգամ եթե, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը հեռվում է, չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցե՛ք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:    
  • Մի՛ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Մանավանդ PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ բացի ձեզնից:  
  • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմեք բանկին, արգելափակեք այն, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից ձեր գումարների օգտագործումը: Քարտը գտնելու դեպքում կարող եք ապաարգելափակել քարտը, որը կարող է լինել վճարովի: Մնացած դեպքերում պետք է քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում վճարովի ծառայություն է: 
  • Քարտով վճարումներ կատարելիս նախապես ճշտեք, որ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունեք, այլապես հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:

Եղե՛ք վճարային քարտի ընձեռած հնարավորություններն անվտանգ օգտագործող սպառողներ:

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ