Վճարային Քարտ

2023-06-29

 

1. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

  • ստանալու աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնելու այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին, 
  • կատարելու վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց մեծ քանակությամբ կանխիկ փող դրամապանակում ունենալու, 
  • բանկոմատներից կամ առցանց հարթակների միջոցով կատարելու կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքերի, տուգանքների, հարկերի) վճարումներ,
  • իրականացնելու ինտերնետային առևտուր,
  • կատարելու և ստանալու քարտից քարտ փոխանցումներ, 
  • պարբերաբար ստանալու հաշվի քաղվածքներ և հետևելու ֆինանսական վարքագծին՝ ինչ ծախսեր եք կատարել, որոնք կարելի է կրճատել և այլն,
  • քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափելու դրամական միջոցների կորստից,
  • շահավետ պայմաններով օգտվելու նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն:

Քարտի գործածման ողջ ընթացքում դրա սեփականատերը քարտը թողարկող բանկն է:
 

 

Վճարային քարտերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.

 

ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

  • Դեբետային քարտ .  օգնում է առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել ձեր բանկային հաշվին առկա սեփական միջոցները, այդ թվում՝ կանխիկացնել, գնումներ կատարել: Հիմնականում տրամադրվում է այն ժամանակ, երբ ցանկանում եք օգտագործել ձեր աշխատավարձը կամ այլ սեփական միջոցները, որոնք մուտքագրվել են ձեր բանկային հաշվին:
  • Վարկային քարտ (նաև կրեդիտային քարտ). նախատեսված է բանկի կողմից ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցները օգտագործելու՝ կանխիկացնելու, առևտուր կատարելու կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով: 
  • Հաշվարկային քարտ. միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Օրինակ՝ դեբետային քարտով հնարավորություն է ընձեռվում նաև ստանալ վարկային գիծ (օվերդրաֆտ): 


Հաշվի՛ առեք, որ մեզանում հաճախ խառն են օգտագործվում վերոնշյալ քարտերի անվանումները, ուստի պետք է ուշադիր լինել վճարային քարտերի մասին հարցումներ կատարելու ժամանակ: 

Օրինակ՝

Կրեդիտային քարտ ասելով հասկանում են այդ թվում և հաշվարկային քարտը: Հաճախ վճարային քարտի համար օգտագործվում է «պլաստիկ քարտ» անվանումը:

 

ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ

  • Չիպային քարտ. այս քարտի հիմքում միկրոսխեմա է, որը թույլ է տալիս գրառել ավելի շատ տեղեկատվություն, քան մագնիսական ժապավենի վրա: Տեղեկատվության տեսակները բազմաթիվ են, օրինակ՝ չիպի վրա միաժամանակ կարող է գրառվել տեղեկատվություն ձեր սոցիալական կարգավիճակի, ապահովագրական ծառայությունից օգտվելու իրավասության և անձին վերաբերող մի շարք այլ տվյալնեի մասին: Սա առաջատար տեխնոլոգիայով քարտ է, որը կեղծելու և ապօրինի օգտագործելուց խուսափելու առումով ավելի անվտանգ է, քանի որ ավելի պաշտպանված է, քան մագնիսական ժապավենով քարտը: Արդյունքում՝ ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են չիպային և մագնիսական ժապավենով համատեղ հիբրիդ քարտեր: 
  • Մագնիսական քարտ. պատված է մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով: 
  • Հիբրիդային քարտ. նախորդ երկուսի միավորումն է, երբ քարտի վրա առկա է և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։

ԸՍՏ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Հայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտը, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard), «Վիզա» (Visa), «Ամերիքան Էքսպրեսս» (American Express) քարտերը, որոնք կարող եք օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

 

ԸՍՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ

Եթե քարտն օգտագործելու եք միայն էլեկտրոնային գնումների համար, ապա կարող եք ձեռք բերել վիրտուալ քարտ, որի դեպքում դուք ստանում եք առցանց հաշիվ ու քարտային տվյալներ, գրանցում եք դրանք առցանց հարթակում և կատարում գնումներ:
 

ՔԱՐՏԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ

Վճարային քարտերի շուկայում կարող եք հանդիպել նաև «Կանխավճարային նվեր քարտերի», «Ուսանողական քարտերի» և այլ տարատեսակների, որոնք հիմնականում աշխատում են դեբետային քարտերի սկզբունքով: 
 

2. ՈՐՏԵՂԻՑ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՎԵՐՑՆԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

ՀՀ տարածքում վճարային քարտեր թողարկում և տրամադրում են ՀՀ տարածքում գործող բանկերը: 14 տարեկանից սկսած՝ հնարավոր է ձեռք բերել վճարային քարտեր, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների համար ծնողները կարող են բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամների անուններով:   Վճարային քարտ ստանալու համար պետք է նախապես որոշել ձեր կարիքները, գտնել ձեզ հարմար վճարային քարտը, որի մասին մանրամասներ կարող եք կարդալ այս նյութի Օգտակար խորհուրդներ բաժնում, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն ցանկացած բանկից՝ մատնանշելով ձեր նախասիրությունները կամ նախապատվության շրջանակները: Հետո այցելեք բանկ և պայմանագիր կնքեք բանկի հետ: Այս ծառայությունից օգտվելը կարող է ենթադրել մի քանի տեսակ վճարների առկայություն՝

  • քարտի թողարկման/տրամադրման վճար,
  • տարեկան սպասարկման վճար:

Որոշ իրավիճակներում հնարավոր են այլ վճարներ ևս՝

  • հաշվի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) ծառայության,
  • հավելյալ/կից քարտի պահանջի,
  • կարճ ժամկետում քարտի տրամադրման,
  • քարտի կորստի, գողության, վնասման, PIN կոդի մոռացության դեպքում քարտի վերաթողարկման,
  • այլ բանկերի բանկոմատներից կանխիկացման,
  • քարտի արգելափակման,
  • քարտի ապաարգելափակման և այլ ծախսեր:
     


 

 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ